ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրաժեշտ

Հրաժեշտ
18.05.2012 | 06:16

2000 թ. Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ էր և մոտալուտ մահվան սպասումով հրաժեշտի նամակ է ուղարկել Մեքսիկայում, Պերուում, ՈՒրուգվայում, Արգենտինայում, Բելառուսում բնակվող ընկերներին: Բարեբախտաբար, Տերը տվեց նրան իր խնդրած «կյանքի ևս մի պտղունցը»:

Բանաստեղծությունը թարգմանել է ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԸ, որի մահվան երեք տարին լրանում է վաղը` մայիսի 19-ին։

Եթե Աստված

Հեռացներ իր հայացքը,

Կարծես թե չնկատելով,

Որ ես այսօր նման եմ

Մի հեղգ, լաթե խամաճիկի,

Եվ ինձ կյանքի

Մի պտղունց ևս պարգևեր,

Ես չէի արտահայտվի ամբողջապես,

Բայց ամեն դեպքում

Կվերաիմաստավորեի այն,

Ինչ ասում եմ այժմ:

Ես կընկալեի

Իրերն ու երևույթները

Ոչ թե արժեքով,

Այլ` իրենց մտահղացման ու իմաստի

Նշանակությամբ:

Ես ավելի քիչ կքնեի

Եվ կխորհեի շատ ավելի շատ,

Քանի որ քնի ամեն

Րոպեում

Մենք կորցնում ենք

Լույսի վաթսուն վայրկյան:

Ես կքայլեի,

Երբ այլք կանգ են առնում,

Եվ կարթնանայի,

Երբ դուք քնի իշխանությանն եք,

ավաղ, հանձնված:

Ես ականջալուր կլինեի բոլորին և

յուրաքանչյուրին

ՈՒ կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Եվ եթե Տերը

Ինձ կյանքի էլի մի բուռ

Ողորմար,

Դեն կնետեի իմ հագուստները

ՈՒ կփռվեի ես արևի տակ`

Բացելով նրան հոգին իմ:

Աստված իմ,

Եթե գեթ մի փոքր էլ

Շարունակվեր բաբախելն իմ սրտի,

Ես սառույցներին կգրեի

Ատելության բոլոր խոսքերը

Եվ կսպասեի արևածագին,

Որ հալեր նրանց:

Վան Գոգի հետ մեկտեղ

Ես կնկարեի Բենեդետիի

բանաստեղծությունները

Աստղերի վրա,

Իսկ Սերատի երգերից

Կհյուսվեր

Լուսնի իմ սերենադը:

Ես իմ արցունքները վարդերին կտայի`

Զգալով փշերի հավերժական ցավն

ՈՒ ծաղկաթերթերի համբույրները:

Աստված իմ...

Եթե ես էլի գեթ մի բուռ

Կյանք ունենայի...

Ոչ մի վայրկյան իսկ բաց չէի թողնի,

Որպեսզի բոլորին կրկին հասկացնեմ,

Որ ես սիրում եմ,

Որ ես երկրպագում եմ ՆՐԱՆ:

Ես կշշնջայի բոլորին,

Որ նրանք մտերիմ են ինձ,

ՈՒ ես սիրում եմ իրենց,

Ես կասեի տղամարդկանց,

Որ նրանք սխալվում են,

Երբ մտածում են,

Որ այլևս չեն սիրում

Ծերության պատճառով,

Չէ՞ որ նրանք ծերանում են,

Երբ դադարում են սիրելուց:

Երեխաներին

Ես թևեր կընծայեի`

Համոզելով,

Որ թռչելն արդեն

Իրենք պետք է սովորեն:

Ծերունիներին կներշնչեի,

Որ մահը

Ոչ թե ծերության հետ է գալիս,

Այլ խուլ մոռացումների:

Ես արդեն ամեն ինչ սովորել եմ

Ձեզնից...

Ես իմացա,

Որ ողջ լույս աշխարհը

Կցանկանար ապրել բարձունքում,

Թեև երջանկությունն այն է,

Թե ինչպես ես դու վեր բարձրանում:

Ես գիտեմ արդեն,

Որ երբ մանկիկը

Առաջին անգամ

Հոր մատն է սեղմում,

Դա մեկընդմիշտ է...

Ես գիտեմ արդեն,

Որ մարդն իրավունք ունի

Իր նմանին վերից նայելու,

Միայն թե օգնի նրան

Բարձրանալու:

Ես շատ բաներ եմ

Ձեզնից իմացել:

Բայց ինչ դրանից`

Չէ՞ որ ես կլռեմ

Փայտե կացարանում,

Եվ, ի մեծ ցավ ինձ,

Կհեռանամ...

Դիտվել է՝ 3991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ